«Կոկա-Կոլան» Ամերիկայի յուրօրինակ սիմվոլն է: Այս ըմպելիքը Ատլանտայի դեղագործ Ջոն Պեմբերտոնի գյուտն է: Իր գործը նա արտոնագրել էր դեռ 1886թ., և սկզբնապես «Կոկա-Կոլան» վաճառվում էր որպես դեղ` նյարդային խանգարումների և իմպոտենցիայի դեմ: «Կոկա-Կոլայի» տոնուսը բարձրացնող ազդեցությունը պայմանավորված էր նրա մեջ ներառվող բաղադրամասերով՝ կոկա բույսերի տերևների էքստրակտով և կոլա բույսի պտուղների հանուկով:
Կոկա բույսը ոչ այլ ինչ է, եթե ոչ հումք կոկաինի արտադրման համար: Զարմանալի է, որ XIX դարում կոկաինը դեղ էր համարվում: Կոկաինի օգտագործման արգելքը կիրառության մեջ մտավ ավել ուշ՝ 1903 թ.: Այդ պահից սկսած «Կոկա-Կոլայի» բաղադրությունը փոխվեց, կոկաին նրա մեջ այլևս չկար, բայց ըմպելիքի բնական համեմունքների հստակ բանաձևը գաղտնի դարձրին: Այդ բանաձևը փորձել են վերծանել շատերը, բայց` ապարդյուն:
Վստահությամբ մի բան կարելի է ասել՝ «Կոկա-Կոլայի» մեջ կոկաին չկա, բայց այդ դեպքում ինչո՞ւմ է կայանում «Կոկա-Կոլայի» վնասը: Քիմիական անալիզը ցույց է տալիս, որ հայտնի գազով այդ ըմպելիքի մեջ կա ոչ պակաս վտանգավոր բան, այն է՝ օրթոֆոսֆորային թթու: Այս քիմիական միացությունը արդյունաբերության մեջ օգտագործվում է մետաղից ժանգի հեռացման համար: Օրթոֆոսֆորային թթուն մտնում է նաև ֆրեոնների կազմի մեջ` արդյունաբերական սառցախցիկների համար:
Դժբախտաբար, օրթոֆորսֆորային թթուն սննդի արդյունաբերության մեջ թույլատրվել է կիրառել, ներկայանում է E338 սննդային հավելման անվան տակ: Այս հավելումը որպես թթվայնության կարգավորիչ օգտագործվում է գազային ըմպելիքներ արտադրող շատերի կողմից: Բացառություն չէ նաև Կոկա-Կոլա ընկերությունը:
Վերջերս անց է կացվել փորձ. օրթոֆոսֆորային թթվի մեջ մտցրել են մարդկային ատամ: Որոշ ժամանակ անց ատամը քայքայվել է: Իսկ այժմ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ձեր ատամների հետ, եթե մշտապես օգտագործեք այդ ըմպելիքը:
Բայց օրթոֆոսֆորային թթուն հռչակավոր է դարձել ոչ միայն նրանով, որ քայքայում է ժանգը, թեյնիկների նստվածքը, զուգարանակոնքի կրային փառը և մեր ատամները: Պարզվում է, որ այն կործանարար ազդեցություն ունի նաև ոսկրային համակարգի վրա, քանի որ ոսկրերից լվանում է կալցիումի աղերը:
Ոսկրերից լվացված կալցիումի աղերն արյան միջոցով հասնում են երիկամներ և բյուրեղների տեսքով նստվածք առաջացնում, որն էլ հանգեցնում է քարերի առաջացմանն ու պատճառ դառնում դժվար բուժման ենթարկվող միզապարկի հիվանդությունների ձևավորմանը:
«Կոկա-Կոլայի» բաղադրության մեջ մտնում է նաև ազորուբին և կարմաուզին՝ արհեստական սննդային ներկանյութեր, որոնք արտադրողները ծածկագրել են E122 և E124 կոդերով: Ինչպես ցույց են տալիս եվրոպացի գիտնականների հետազոտությունները, այս ներկանյութերը վնասում են երիկամների կեղևային շերտը: Հենց այդ պատճառով ազորուբինը և կարմաուզինը արգելված են Եվրոպայում: Դժբախտաբար, Ռուսաստանում այդ ներկանյութերի օգտագործումն օրինականացված է:
«Կոկա-Կոլայի» բաղադրության մեջ օգտագործվում է բոլորին հայտնի կոֆեինը: Կոֆեինը խթանող ազդեցություն ունի նյարդային համակարգի վրա։ Նրա ազդեցությամբ` արագանում է սրտի աշխատանքը, բարձրանում արյան ճնշումը: Սակայն մոտ 3-6 ժամ անց կոֆեինի խթանող ազդեցությունն անցնում է, որին փոխարինելու են գալիս հոգնածությունը, թուլությունը, աշխատունակության անկումն ու դեպրեսիան:
«Կոկա-Կոլայի» ավանդական բաղադրատոմսում կա մեծ քանակությամբ շաքարավազ՝ 1 բաժակ ըմպելիքին` 5 ամբողջական թեյի գդալ: Կասկածամիտները կասեն, որ կա առանց շաքարի դիետիկ «Կոկա-Կոլա»: Այդ դեպքում` ի՞նչն է ապահովում դիետիկ «Կոկա-Կոլայի» քաղցր համը: Ահա` ևս մի սննդային հավելում, E951 կամ` ասպարտամ: 2005 թ. իտալացի գիտնականները կենդանիների վրա փորձարկել են ասպարտամը և եկել այն եզրակացության, որ այդ սննդային հավելումը հրահրում է չարորակ ուռուցքների գոյացումը: Դիետիկ Կոկա-Կոլան չպետք է խմեն նաև դիաբետով տառապող հիվանդները, քանի որ ասպարտամը շաքարի մակարդակն արյան մեջ դարձնում է անվերահսկելի: Դիետիկ Կոկա-Կոլան չի օգնի նաև նիհարել ցանկացողներին՝ ասպարտամը հրահրում է բարձր ախորժակ:
Կարևոր է: Ասպարտամը բացարձակապես հակացուցված է այնպիսի հիվանդության ժամանակ, ինչպիսին է ֆենիլկետոնուրիան:
Չնայած «Կոկա-Կոլայի» վնասակարության վերաբերյալ գիտնականների զգուշացումներին, այն առաջվա պես շարունակում է մնալ ամենահայտնի ըմպելիքը Երկրի վրա: Այս երևույթը բացատրել դժվար է: Հնարավոր է այս ըմպելիքի հաջողությունը գրագետ գովազդի մեջ է, միգուցե նաև` օգտագործողների կոֆեինային կախվածության մեջ:
Բայց նշված բոլոր թերությունների մեջ գիտնականները փորձում են նաև առավելություններ գտնել` նրանք առաջարկում են բարակ աղիքի անանցանելիությունը բուժել քաղցր ջրով, մասնավորապես, «Կոկա կոլայով»:
Աթենքի համալսարանի բժշկական քոլեջի հետազոտողները փորձարկման շրջանակներում ֆիտոբեզոարով հիվանդ (այս հիվանդության ժամանակ ստամոքսում կամ աղիներում կուլ տված ուտելիքից օտար մարմին է ձեւավորվում) 46 անձանց «Կոկա կոլա» են նշանակել: Հիվանդների կեսի մոտ այդ «օտար մարմինն» ամբողջությամբ վերացել է, իսկ 19 հիվանդի մոտ փափկել եւ հնարավոր է եղել այն հեռացնել:
Իսկ խմել կոլա թե ոչ, որոշեք ինքներդ: