Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը Մեդիամաքսին տեղեկացրել է, որ մայիսի 31-ին Գիտությունների ազգային ակադեմիայում կկայանա նրա հանրային դասախոսությունը, որին կհաջորդի Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող «Արտարեգակնային մոլորակներ եւ աստղակենսաբանություն» թեմայով աշխատաժողովը։
«Աշխատաժողովի գաղափարն այս ժամանակակից ուղղությունների հետազոտություններին մեծ նշանակություն տալն ու Հայաստանում դրանց զարգացմանը նպաստելն է: Սա աստղագետների եւ կենսաբանների համար հետագա համագործակցության հնարավորություն է»,- ասել է Արեգ Միքայելյանը:
Շվեյցարացի աստղաֆիզիկոս, Ժնեւի համալսարանի աստղագիտության դեպարտամենտի պրոֆեսոր Միշել Մայորն առաջին էկզոմոլորակը բացահայտել է 1995թ.-ին, որից հետո հաջորդ 22 տարիներին հազարավոր այդպիսի մոլորակներ են բացահայտվել եւ բնութագրվել: Ներկայում կան ավելի քան 3600 հայտնի էկզոմոլորակներ, որոնցից շատերի չափսերն ու զանգվածները շատ չեն տարբերվում Երկիր մոլորակից, ինչը գիտնականներին հույս է տալիս, որ մարդկությունը երկվորյակ մոլորակ հայտնաբերելու շեմին է:
«Երկրորդ Երկիր մոլորակի հայտնաբերումը ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է»,- հայտարարել էր NASA-ի գիտական առաքելությունների տնօրինության տեղակալ Թոմաս Ցուրբյուխենը: