Մարդիկ, որոնց քչերը գիտեն, պատմություններ, որոնք հետաքրքիր են։ Tert.am Life–ը նոր շարք է սկսում` «Հետաքրքիր դեմքեր», որի շրջանակում կբացահայտենք էությամբ և արտաքնապես տարբերվող հայերին։ Մեր առաջին հերոսուհին 26–ամյա Սիրուն Մինասն է։ Թերևս, միայն նրա ծանոթները գիտեն, որ Սիրունը հայի գեներ ունի։ Նրա հայրը հայ է, ժամանակին բնակվել է Հնդկաստանում, մայրը` նիգերիացի է։ Սիրունը ծնվել է Նիգերիայում, 4–5 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան։ Նա իր մանկությունն անցկացրել է Մեղրիում, հետո եկել Երևան։
Սիրունը բժշկական կրթություն ունի, աշխատում է Երևանի հիվանդանոցներից մեկում։
«Փոքրուց շատ հանգիստ եմ եղել և լսող։ Դպրոցում լավ եմ սովորել։ Մարդամոտ եմ եղել ու շատ ընկերներ եմ ունեցել։ Միշտ բոլորը ցանկացել են ինձ հետ շփվել։ Մեղրիում մանկությունս ակտիվ էր։ Թե՛ դպրոցում, թե՛ բակում թերևս ամեն օր աշխույժ էր անցնում։ Երբ տեղափոխվեցինք Երևան, ինչ–որ բաներ փոխվեցին։ Քիչ էի իջնում բակ խաղալու, քանի որ հաճախում էի սպորտի, երաժշտական դասերի և ժամանակ չէր լինում խաղերին։ Ժամանակ առ ժամանակ ջութակ եմ նվագում։ Դա ինձ համար հոբբի է»,– ասաց Սիրունը։
Վերջինս պատմեց, որ փոքրուց է երազել բժիշկ դառնալ և մասնագիտության հետ կապված շատ նպատակներ ունի, որոնք պետք է իրագործի։ «Կարելի է ասել, հայրս պատճառ դարձավ, որ ես ընտրեցի այս մասնագիտությունը։ Ինձ համար նա ամենալավ բժիշկն է։ Նրա տեսակը ոգեշնչեց ինձ ընտրել այդ մասնագիտությունն։ Երբ ընդունվեցի համալսարան, հասկացա, որ ինձ դուր է գալիս պլաստիկ վիրաբուժությունը։ Հայրիկիս հետ խորհրդակցելուց հետո նպատակասլաց ձևով առաջ գնացի։ Հայր որպես մասնագետ օգնել է միայն խորհուրդներով։ Նա ասում է` եթե լավ բժիշկ ես, ապա քեզ կընդունեն աշխատանքի։ Ինքս իմ ուժերով եմ ընդունվել համալսարան ու աշխատանքի։ Շատ ծնողներ կան, որոնք իրենց երեխաներին առաջ են տանում, բայց հայրս չի սիրում նման բաներ։ Նա միշտ ասում է` եթե չես կարողանում, պետք չէ բժիշկ դառնալ»,– նշեց նա։
Սիրունն ունի 2 եղբայր և 1 քույր։ Նա և եղբայրը հիմա Հայաստանում են, ծնողները, քույրն ու մյուս եղբայրը` Նիգերիայում են։ Նրանք հաճախ են մեկնում Նիգերիա, սակայն Սիրունի խոսքով` ավելի շատ Հայաստանում են լինում։ Նրանք տանը խոսում են և՛ հայերեն, և՛ անգլերեն։ «Երբ Հայաստանում ենք, տանը անգլերեն ենք խոսում, երբ Նիգերիայում` հայերեն, որպեսզի երկու լեզուներն էլ չմոռանանք»,– հավելեց նա։
Արտաքնապես տարբեր Սիրունի կարծիքով` ինքն էությամբ էլ է տարբեր։ «Ամեն դեպքում երկու ռասսաների ներկայացուցիչ եմ, իմ մեջ երկու մշակույթ կա։ Կարծում եմ` ոչ միայն արտաքնապես եմ տարբեր, այլև ներքուստ։ Հանգիստ բնավորություն ունեմ ու ավելի ազատ եմ էմոցիաներս արտահայտում»,–ասաց Սիրունը։
Մեզ հետ զրույցում նա մի քանի զվարճալի դեպքեր պատմեց, որոնք կապված են արտաքին տարբերության և անվան հետ։ «Թե՛ դպրոցում, թե՛ համալսարանում, թե՛ աշխատավայրում, թե՛ դրսում տարբերվել եմ։ Ես դրանից երբեք չեմ կաշկանդվել, բայց չեմ էլ պարծեցել դրանով։ Ինձ հետ զվարճալի դեպքեր շատ են եղել։ Երբ աշխատանքի ժամանակ հիվանդին 10 րոպե բացատրում եմ, թե ինչ պետք է անի, միակ արձագանքն այն է, որ զարմացած ասում է` դու հայերեն ես խոսում։
Պարզվում է` նա 10 րոպե ինձ չի լսել։ Փողոցում քայլելիս էլ շատերը կարծում են, որ չեմ հասկանում և ինչ ասես չեն խոսում, երբ ասում եմ` ես հասկանում եմ ձեզ, «մանթրաշ» են ընկնում։ Անվանս հետ կապված էլ զվարճալի դեպքեր են եղել։ Ընկերուհիներից մեկը ինձ մի տեղ էր գրանցել և ասել էլ Սիրուն նրանք կարծել են, որ իմ կեղծանունն է։ Շատերը չեն հավատում, որ իմ անունը Սիրուն է»,– պատմեց նա։
Սիրունն ասաց, որ երբեք մտքով չի անցել փոխել անունը։ «Մինչև իմ ծնվելը ծնողներս արդեն որոշել էին անունս։ Երբեք չեմ մտածել, որ պետք է փոխեմ այն կամ կաշկանդվեմ անվանս համար։ Այն ինձ դուր է գալիս։ Երբեք չեմ փոխի»,– եզրափակեց նա։
Նյութի աղբյուրը http://life.tert.am/am/news/2017/06/06/sirun/39113