Forbes Woman ամսագիրը, ներկայացնելով աշխարհահռչակ Gorgio Armani իտալական նորաձևության տան հիմնադիր-ղեկավար Ջորջիո Արմանիի մասին ուշագրավ անդրադարձ, պատմել է նրա արմատների ու ընտանիքի մասին:
Forbes-ի վարկածով` 6.6 մլրդ դոլար կարողության տեր Արմանին, որը 2002թ. ճանաչվել է աշխարհի ամենահաջողակ դիզայներ, շատ փակ կյանք է վարում: Ութսուներեքամյա դիզայների անձնական կյանքի մասին տեղեկություն գրեթե չկա, բացի այդ, նա շատ հազվադեպ է հարցազրույց տալիս:
Արմանին ծնվել է Իտալիայում՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծների ընտանիքում: Նրա ծնողները փախել են Թուրքիայից: Եվ չնայած, որ Արմանին ծագմամբ իտալացի չէ, այնուհանդերձ՝ նրան հոգեհարազատ են իտալացիների սկզբունքներն ու արժեքները:
Այդ երկրի բնակիչների պես՝ Արմանիի համար գլխավոր արժեքներից մեկն ընտանիքն է: Գաղտնիք չէ, որ իտալացիներն առանձնահատուկ կարևորություն ու նշանակություն են տալիս բարեկամական կապերին:
Արմանին մեծացել է եղբոր ու քրոջ հետ: Երիտասարդ տարիքում ցանկանում էր բժիշկ դառնալ, բայց թողել է ուսումն ու գնացել բանակ: Այնուհետև ապագա դիզայները տարվել է լուսանկարչությամբ ու հայտնվել նորաձևության աշխարհում: Նա հասցրել է աշխատել այնպիսի անվանի վարպետների հետ, ինչպիսիք են Էմանուել Ունգարոն ու Էրմենեջիլդո Զեյնան: 1975թ. Արմանին ընկերոջ՝ Սերջիո Գալեոտիի հետ գրանցել է Giorgio Armani S.p.A. ընկերությունը: Գալեոտիի մահից հետո 1985թ. բիզնեսին է միացել քույրը՝ Ռոզաննա Արմանին:
Չնայած տարիքին՝ Արմանին շարունակում է ինքնուրույն լուծել ընկերության հիմնական խնդիրները: Նա միակ բաժնետերն է, նախագահն ու գործադիր տնօրենը: Դիզայները մինչև հիմա անձամբ է մշակում haute couture գծի յուրաքանչյուր մոդել: Բացի այդ, նա ունի հյուրանոցային և ռեստորանային բիզնես:
Աղբյուրը նկատում է, որ առանց ընտանիքի աջակցության հնարավոր չէր լինի նման արդյունքի հասնել: Արմանին երբեք ամուսնացած չի եղել ու երեխաներ չունի: Նրա ընտանիքը քույրը՝ Ռոզաննան, ու քրոջ դուստրերը՝ Սիլվանան և Ռոբերտան են, որոնք քեռուն օգնում են բիզնեսում:
Քրոջ՝ Ռոզաննայի հետ
Սերջիո Գալեոտիի հետ
Քրոջ և ավագ եղբոր՝ Սերջիոյի հետ
Մոր՝ Մարիա Ռայմոնդիի հետ Քրոջ հետ
Դիզայների հայրն ու մայրը
Եղբոր ու հոր հետ
Երիտասարդ տարիքում