ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ֆանտան գյուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ։
2017 թվականի օգոստոսի 15-ին ՝ վաղ առավոտյան, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի ճանապարհին ինչ-որ բան է պայթել, որի հետևանքով կա զոհ։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, կատարվել դեպքի վայրի զննություն։
Նախնական տվյալներով՝ այսօր առավոտյան՝ 06.40-ի սահմաններում, Ֆանտան գյուղի բնակիչներից մեկը, իր խոշոր եղջերավոր անասուններին արոտ ուղարկելու համար գյուղի կենտրոնական հատված տեղափոխելիս, ճանապարհի նկատել է պաշտպանիչ թաղանթով փաթաթված, 10-15 սմ երկարությամբ, սպիտակ լարով իր, որը վերցրել է և շարունակել ճանապարհը: Նախկին բաղնիքի մոտ տղամարդը հանդիպել է իրենց խոշոր եղջերավոր անասուններին տեղափոխող, համագյուղացիներ Հրաչիկ Ալթունյանին և Գնել Աբրահամյանին, որոնց հետ զննել են հայտնաբերված առարկան: Չհասկանալով, թե հայտնաբերված իրն ինչ է՝ այն նետել են հողերի մեջ և շարունակել են ճանապարհը: Ըստ վկաների հայտնած տվյալների՝ Հրաչիկ Ալթունյանը վերադարձել է, գետնից վերցրել նետված առարկան և շարունակել զննել, որի ժամանակ էլ պայթյուն է տեղի ունեցել։ Ստացած մարմնական վնասվածքներից Հրաչիկ Ալթունյանը մահացել է, իսկ նրանից 3 մետր հեռավորության վրա գտնվող համագյուղացի Սիրեկան Գևորգյանը՝ դեմքի և որովայնի հատվածում ստացել մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 236-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Որոշումներ են կայացվել՝ դատաբժշկական, դիակի դատաբժշկական և դատապայթյունատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: