«Արտյոմս» ընկերության կողմից «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթի այս տարվա հաղթող Լիլի Սարգսյանի թագը հետ վերցնելու մեծ աղմուկից հետո Լիլիին Ֆրանիսայից նոր թագ են ուղարկել, – այս մասին այսօր լրագրողներին հայտնեց «Միսս Հայաստան 1998» տիտղոսակիր, «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանը։
Նա նշեց, որ չնայած բազմիցս փորձ արվեց խանգարել մրցույթի իրականացմանը, անգամ նամակներ էին ուղարկվել «Միսս աշխարհ» մրցույթի կազմակերպիչներին, այնուամենայնիվ Լիլին կմասնակցի այդ մրցույթին․ «Խոչընդոտել փորձեցին, բայց ստացվեց այնպես, որ միայն տհաճություն պատճառեցին։ Ես գիտեի, որ նման խնդիրներ կարող են լինել Կարեն Արիստակեսյանի հետ, պարզապես ինքը չի կարող թույլ տալ, որ մրցույթները կազմակերպեն, որը ես ուղղակի չեմ հասկանում։ Կազմակերպչական աշխատանքներին բարձրացված աղմուկը մեծ վնաս պատճառեց, թե հովանավորների, թե մասնակիցների հետ կապված»։
Գոհար Հարությունյանն անդրադարձավ նաև պլաստիկ վիրահատությունների ենթարկված մասնակիցների մասին խոսակցություններին, որոնց անցած ասուլիսի ժամանակ անդրադարձել էր Կարեն Արիստակեսյանը։ Գոհարը վստահեցրեց, որ մասնակիցներին միայն մեկն է ենթարկվել պլաստիկ միջամտության․ «Իսկ մնացածի մասով նման բան ասելն ուղղակի անհեթեթություն է։ Հաղթող մասնակցին ուղղված մեղադրանքները ևս անհիմն են, պետք է նշեմ, որ Լիլին ունի անգամ 90.60.90 չափանիշներին համապատասխանող կազմվածք, որը, սակայն այժմ պարտադիր պայման չէ մրցույթի համար։ Կարծիք էր հնչեցվել կոշիկների բարձրության, լողազգեստների մասին, որ միջազգային պայմաններին չեն համապատասխանում, դա ևս անհեթեթ է, քանի որ մենք մրցույթը կազմակերպելիս ուսումնասիրել ենք միջազգային փորձը»։ Նշենք, որ «Միսս Հայաստան ազգային գործակալություն» ՀԿ-ն ընդդեմ «Միսս Հայաստան 1998» տիտղոսակիր, «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանի 3 հայց է ներկայացրել դատարան։ Կարեն Արիստակեսյանը պնդում է, որ ապօրինի կերպով օգտագործել են իրենց ապրանքանիշը։ «Միսս Հայաստան» հիմնադրամի փաստաբան Դավիթ Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ որևէ մեկը իրավունք չունի մշակութային մոնոպոլիա իրականացնել և պնդել, որ այս կամ այն բառը միայն իրեն է պատկանում․ «Կարեն Արիստակեսյանի հետ բանակցություններ ունեցել ենք, սակայն համաձայնություն ձեռք չբերվեց և որոշվեց սեփական նախաձեռնությամբ կազմակերպել համահայկական գեղեցկության մրցույթ։ Հետո հայցեր ներկայացրին և հայտարարեցին, որ խախտվել է իրենց իրավունքը, սակայն ինչ իրավունքի խախտման մասին է խոսքը, եթե իրենց հայտերը ներկայացվել էին դեռևս այն ժամանակ, երբ մրցույթը չէր կայացել»: Ըստ փաստաբանի՝ «Միսս Հայաստան ազգային գործակալության» նպատակը Գոհար Հարությունյանի և նրա կազմակերպած մրցույթի շուրջ բացասական կարծիք ձևավորելն էր, սակայն հնչեցված բոլոր մեղադրանքներն անհիմն են․ «Մենք ներկայացրել ենք միջնորդություններ մինչև մրցույթի իրականացումը և մրցույթի անվան արգելքը դեռևս քննարկման փուլում է, չկա դրանց վերաբերյալ որևէ վրջնական որոշում։ Այսինքն արգելելու դատական ակտը դեռևս վերջնական չէ։ Մենք օգտագործել ենք «Միսս Արմենիա» անվանումը, և ոչ ոք չի կարող արգելել մեզ օգտագործել մեր կազմակերպության անվանումը»։ Հարցին, թե արդյոք չեն պատրաստվում հակակշիռ քայլերի դիմել, փաստաբանը պատասխանեց, որ իրենք օրենքի սահմաններում կանեն բոլոր անհրաժեշտ քայլերը և կգործեն օրենքի տառին համապատասխան։ Հիշեցնենք, որ «Միսս Արմենիա» հիմնադրամի դեմ քրեական գործ է հարուցվել՝ ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու համար։ Հանցագործության մասին հաղորդումն իրավապահ մարմիններին տվել էր «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» հիմնադրամը` Կարեն Արիստակեսյանի ղեկավարությամբ։ Եթե այդ արարքը խոշոր վնաս է պատճառել, պատժվում է տուգանքով կամ կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով: Եվ չնայած դատական գործընթացին, դատարանի ու ԴԱՀԿ-ի կողմից «Միսս Հայաստան», «Միսս Արմենիա» ապրանքային նշաններն օգտագործելն արգելելուն, սեպտեմբերի 24-ին Օպերայում անցկացվել է «Միսս Արմենիա-2017» մրցույթը։ Այժմ գեղեցկության մրցույթի հետ կապված՝ դատարաններում 3 քաղհայց կա, որոնցից մեկը հիմնադրամի տնօրեն Գոհար Հարությունյանի դեմ է։
Նյութի աղբյուրը ` hraparak.am