ՀՀ-ում կարգելվի հասարակական վայրերում ծխելը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ նշելով, որ Հայաստանում չափահաս տղամարդկանց ավելի քան 55%-ը ամենօրյա ծխողներ են, իսկ կանանց 3%-ն է ծխում, սակայն շատ են նաև սոցիալական ծխողները (ոչ ամեն օր):
«Ռեստորաններում չեն լինելու առանձին խցիկներ, քանի որ պայքարը ոչ թե չծխողների մոտ չծխելն է, այլ՝ ընդհանրապես չծխելը: Փոփոխությունների ծրագիրը, չնայած դեռ ամբողջությամբ պատրաստ չէ, այնուամենայնիվ հիմք ունի Հայաստանում ծխողների թիվը 30-40%-ով կրճատել: Արգելվելու է ծխախոտի գովազդն ամբողջությամբ՝ այդ թվում նաև խանութներում, տուփերի վրա լինելու են սարսափելի նկարներ, անցկացվելու են բազմաթիվ ծրագրեր՝ ծխելը թողնելու համար և, որ նախարարի և ներկայացուցիչների կարծիքով ամենաէֆեկտիվն է, թանկանալու է ծխախոտը», – ասել է Ալթունյանը:
Օրենսդրական այս փոփոխությունները չեն կիրառվելու էլեկտրոնային ծխախոտների վրա, սակայն առաջիկայում, հնարավոր է, սահմանվեն որոշ չափորոշիչներ: Ծրագրի առաջին կետերից մեկն արդեն իրագործել են՝ ուղարկելով sms-ներ հայաստանյան բոլոր բաժանորդներին, որտեղ ներկայացված են պաշտոնական տվյալներ՝ կապված մահացության և հիվանդությունների հետ: