Հանրությանը հայտնի «Ճվճվ Արո» մականվամբ 52-ամյա Արա Վարդանյանը, ըստ մահվան բժշկական վկայականի՝ մահացել է գլխուղեղի իշեմիկ ինսուլտից:
Այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Վերջինս տեղեկացրեց, որ Արա Վարդանյանի մահվան հանգամանքները պարզելու համար Կենտրոնի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Հիշեցնենք, որ «Ճվճվ Արոյի» դին հայտնաբերվել էր հուլիսի 7-ին՝ ժամը 19:45-ի սահմաններում: Հանրությանը հայտնի Վարդանյանը մի քանի օր առաջ է Ռուսաստանից վերադարձել Հայաստան:
Վերջինս եղել է Երեւանի ավագանու ԲՀԿ անդամ. նա եւ նրա երկու որդիները բազմիցս հայտնվել են մամուլի եւ մասնավորապես իրավապահների ուշադրության կենտրոնում: Նրա որդին՝ 24-ամյա Սերժ Վարդանյանը բազմիցս աչքի է ընկել արկածային ավտովթարներով: