Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում հոկտեմբերի 2-ին կայացավ միաժամանակ երկու պսակադրություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տուն-ինտերնատում ամուսնության արարողությունն օրինականացրեց քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության աշխատակիցը։ Զույգերից մեկն արդեն մեկ տարի ապրում էր տուն-ինտերնատում և մեկ ամիս է ինչ ամուսնացել էին։ Հոկտեմբերի 2-ին նրանց ամուսնությունն օրինականացվեց։
70-ամյա Նվարդ Ոսկանյանը, ամուսնանում էր արդեն երկրորդ անգամ։ «Ամուսինս մահացել է 8 տարի առաջ, ես արդեն մեկ տարի է այստեղ եմ ապրում։ Հասրաթն ինձ կարողացավ համոզել և ամուսնության առաջարկ անել, ես էլ ընդունեցի»,- նշեց Նվարդ Ոսկանյանը։ Նրա այժմյան ամուսնու՝ Հասրաթ Մանուկյանի համար սա նույնպես երկրորդ ամուսնությունն էր:
Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ այցելել էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։ Ներկա էին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ երգիչ Ռուբեն Մաթևոսյանը, հաղորդավար Սուսաննա Շահինյանը։
Արտեմ Ասատրյանը շատ կարևորեց տարեցների միջազգային օրը նշելը և շեշտեց, որ պետք է նրանց ուշադրություն դարձնել ոչ միայն տվյալ օրը, այլ նաև տարվա մեջ 365 օր։ «Ես շատ ուրախ եմ այսօր այստեղ գտնվելու համար։ Դեռևս 25 տարի առաջ ՄԱԿ-ի կողմից հոկտեմբերի 1-ը հռչակվել է որպես տարեցների միջազգային օր և յուրաքանչյուր տարի մեր երկրում նշվում է։ Մեր տարեցներին հատկապես այդ օրը լրացուցիչ ուշադրություն է դարձվում, փորձում ենք ևս մեկ անգամ անդրադառնալ խնդիրներին ու հարցերին, որոնք մենք պարտավոր ենք լուծել։ Մենք հետևողական ենք, որպեսզի մեր տարեցները միշտ ջերմությամբ ու սիրով շրջապատված լինեն, իրենց երեխաներով, թոռներով»,- ընդգծեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։ Նա տարեցներին մաղթեց բոլոր ցանկությունների և նպատակների իրականացում։