Բաղադրությունը
- դդմիկ – 1 հատ
- ձու – 2 հատ
- թթվասեր – 5 ճ/գդ
- ալյուր – 250 գր
- կանաչի – ըստ ճաշակի
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- պղպեղ կարմիր – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Դդմիկը սառը ջրում լվանում ենք, երկու կողմերից ծայրերը կտրում և օղակ-օղակ կտրատում (եթե դդմիկը մատղաշ չէ, կարելի է կտրատելուց առաջ կեղևազրկել): Կտրատած դդմիկների վրա աղ ենք ցանում:
Պատրսատում ենք թանձրուկը: Ձուն ու թթվասերը խառնում ենք, պատառաքաղով թեթևակի հարում, ավելացնում ենք աղը, պղպեղների խառնուրդը, կանաչին և համեմունքներ՝ ըստ ճաշակի: Վերջում ավելացնում ենք ալյուրն ու թանձրուկը լավ խառնում: Այն պետք է թանձր թթվասերի խտության լինի, ուստի ալյուրի քանակությունը պետք է որոշել աչքաչափով: Թանձրուկի բաղադրիչներն ըստ ցանկության կարելի է փոփոխել, ասենք՝ թթվասերի փոխարեն վերցնել կաթ կամ մայոնեզ: Այդ դեպքում նույնպես ալյուրի քանակությունը պետք է կարգավորել աչքաչափով:
Դդմիկի կտորների դուրս տված հեղուկը թափում ենք ու վերջիններս թաթախում ալյուրի մեջ: Այս փուլը կարևոր է այնքանով, որ ալյուրոտ դդմիկներն ավելի լավ են պահում թանձրուկը:Դդմիկի կտորներն ալյուրի մեջ թաթախելուց հետո ընկղմում ենք թանձրուկի մեջ, երկու կողմից տապակում բուսայուղով: Եթե ուզում ենք, որ դդմիկների ներսը մի քիչ կիսաեփ մնա, պետք է տապակենք առանց կափարիչի` ուժեղ կրակին: Իսկ եթե անհրաժեշտ է, որ դդմիկների ներսը նույնպես լավ եփվի ու փափուկ լինի, տապակում ենք կափարիչը ծածկած կամ էլ մարմանդ կրակին:
