Բաղադրությունը
- գարեձավար (перловая крупа) – 200 գր
- սոխ – 1 հատ
- սխտոր – 3 պճեղ
- գազար – 1 հատ
- սունկ շամպինիոն – 200 գր
- ոլոռ – 150 գր
- սոյայի սոուս – 2 ճ/գդ
- աղ – ըստ ճաշակի
- բուսայուղ – 2 ճ/գդ
Պատրաստման եղանակները
Չափաբաժինները ` 6: Եթե բանջարեղենի քանակությունը մի քիչ ավելացնենք, ապա պահքային շրջանում այն կարող ենք մատուցել որպես հիմնական ճաշատեսակ։
Գարեձավարը լվանում ենք, դնում կաթսայի մեջ, վրան 700 մլ ջուր ենք լցնում և աղ` ըստ ճաշակի։ Հասցնում ենք եռման աստիճանի և թույլ կրակի վրա մոտ 35-40 րոպե եփում ենք։ Պատրաստի վիճակում գարեձավարը պետք է նորմալ եփված լինի, բայց դրա հետ մեկտեղ նաև ձիգ պետք է լինի։Քանի դեռ գարեձավարը կրակի վրա է, նախապատրաստում ենք բանջարեղենը։ Սոխը կիսաշրջաններով ենք կտրատում, իսկ գազարը ձողաձև։ Սունկը շերտերով կտրատում ենք։
Թավայի մեջ 2 ճ/գդ բուսայուղ ենք լցնում և միջին ուժեղության կրակի վրա ենք դնում։ Ավելացնում ենք սոխն ու գազարը, խառնելով 5-6 րոպե տապակում ենք, մինչև գազարը դառնա փափուկ, և թեթևակի խրթխրթան։Ավելացնում ենք մանրացված սխտորն ու սունկը։ Խառնելով 3-4 րոպե տապակում ենք։ Ավելացնում ենք ոլոռը և ևս 1 րոպե տապակում ենք։Պատրաստի գարեձավարը լվանում ենք, քամում, լցնում ենք բանջարեղենի վրա, այնուհետև ավելացնում ենք սոյայի սոուսը և ըստ անհրաժեշտության աղ ենք անում։ Խառնում ենք և մի քանի րոպե տաքացնում։ Մատուցում ենք։
