Բաղադրությունը
- տավարի միս 600 գրամ
- խոզապուխտ 150 գրամ
- հաց 0,5 հատ
- կաթ 50 մլ
- ձու 2 հատ
- կարմիր պղպեղ 1 հատ
- կանաչ պղպեղ 1 հատ
- պանիր 100 գրամ
- մշընկույզ
- աղ, սև պղպեղ
- կարագ 30 գրամ
Պատրաստման եղանակները
Հացի շերտերին կաթ լցնել, թողնել փափկեն: Աղացած մսին խառնել հացի թրջած և մզած կտորները, մանր կտրտած խոզապուխտը, հում ձվերը, համեմունքները, զանգվածը լավ հունցել: Հարմար կաղապարի մեջ ալյումինաթուղթն այնպես փռել, որ հետագայում եզրերով հնարավոր լինի ծածկել ռուլետը: Ալյումինաթղթին կարագ քսել, խճողակի կեսը փռել վրան, մեջտեղում երկարությամբ շարել կարմիր, կանաչ պղպեղների շերտերն ու ոչ բարակ ձողիկների կտրտած պանիրը, ավելացնել մնացած խճողակը, երեսին կարագ քսել, ծածկել ալյումինաթղթի եզրերով և 35 րոպե եփել 200* տաքացրած ջեռոցում: Այնուհետև ալյումինաթուղթը հեռացնել, թողնել երեսը կարմրի: Ջեռոցն անջատել, ռուլետը ջեռոցում թողնել ևս 10 րոպե, ապա հանել ջեռոցից, ազատել ալյումինաթղթից, շերտ-շերտ կտրտել և մատուցել: Այն համեղ է և տաք, և սառը վիճակում:
