Բաղադրությունը
- միս տավարի – 1 կգ
- սոխ – 400 գր
- գազար – 400 գր
- բրինձ – 500 գր
- զիրա – 1 թ/գդ
- բարբարիս – 1 թ/գդ (չորացրած)
- քրքում – 1 թ/գդ
- աղ – 1 ճ/գդ (ոչ լիքը գդալ)
- սխտոր – 2 գլուխ
Պատրաստման եղանակը
Սկզբում բոլոր բաղադրիչները նախապատրաստում ենք։ Միսը լվանում ենք և միջին չափի կտորներով կտրատում։ Որքան միսը խոշոր կտրատենք, այնքան այն ավելի հյութեղ կլինի։ Բայց հաշվի առնելով այն, որ կրակի վրա ենք պատրաստելու, մսի կտորները այնպես ենք կտրատում, որ հասցնեն եփվել։Գազարն ու սոխը մաքրում ենք և լվանում։ Սոխը կիսաշրջաններով ենք կտրատում, իսկ գազարը` խոշոր ձողերով։Բրինձը մի քանի անգամ լվանում ենք, մինչև ջուրը պարզ դառնա։Սխտորը կեղևազատում ենք (սխտորը պետք է ամբողջական լինի) և լվանում ։Այժմ, երբ ամեն ինչ նախապատրաստել ենք, կարող ենք կրակը վառել։ Կրակը վառելուց հետո կաթսան դնում ենք կրակին (կարող ենք կաթսայի տակ աղյուսներ դնել, որպեսզի գործը հեշտանա) կամ կախում ենք կրակի վրա։ Այնուհետև կաթսայի մեջ բուսայուղ ենք լցնում և տաքացնում ենք։ Շիկացած բուսայուղի մեջ ենք լցնում մսի կտորները և տապակում ենք մինչև ոսկեգույն դառնան։ Լցնում ենք նախատեսված աղի կեսը։ Եթե միսը փափուկ չէ, ապա մի քիչ ջուր ենք ավելացնում և մի քիչ շոգեխաշում։ Այնուհետև մսի վրա ենք ավելացնում զիրան և չորացրած բարբարիսը։ Խառնում ենք։Ավելացնում ենք կտրատած սոխը, խառնում ենք և եփում մինչև սոխը ոսկեգույն դառնա։Այժմ ավելացնում ենք գազարը, խառնում ենք և եփում ենք մինչև գազարը փափկի։Լցնում ենք լվացած բրինձը և հավասարեցնում ենք։Բրնձի մեջ սխտոր ենք մտցնում, և քրքումով ու մնացած աղով համեմում ենք։Բրնձի վրա եռացրած ջուր ենք լցնում։ Բրինձը մոտ 2 սմ պետք է ջրով ծածկվի։ Մինչ ջուրը ավելացնելը, միջին կրակի վրա էինք եփում։ Այժմ փայտն ավելացնում ենք, որպեսզի կրակն ուժեղացնենք և ջուրը եռա։Ջուրը եռալուց հետո, կրակը թուլացնում ենք։ Ջուրը պետք է թույլ եռա։ Թեթևակի կափարիչով ծածկում ենք և թողնում ենք բրինձն եփվի։ Մոտ 15 րոպե է պահանջվելու, սակայն, 10 րոպե հետո, կափարիչը բացում ենք և բրինձը բրգաձև հավաքում, որպեսզի ջուրը գոլորշիանա։Պատրաստի ուտեստը լցնում ենք ամանի մեջ և մատուցում:
